«ԱԺ-ի ընդունած օրենքը ինձ վրա ազդել չի կարող, ես համոզված եմ». Ալվինա Գյուլումյան

Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը համոզված է, որ Ազգային ժողովի՝ երեկ ընդունած օրենքը իրեն վերաբերելի չէ:

Լրագրողների հետ զրույցում Գյուլումյանն այսօր ասաց, որ որքան էլ վիճելի լինի այն, իր վրա ազդել չի կարող. «Ես պաշտոնավարում եմ 2014 թվականի օգոստոսից, եթե ավելի հստակ ասենք՝ հոկտեմբերի 1-ից, որովհետեւ այդ օրն եմ անցել իմ պարտականությունների կատարմանը»: Գյուլումյանի կարծիքով՝ հարցը վիճարկելուն չի հասնի, սակայն եթե իր պաշտոնավարման վերաբերյալ կամայական որոշում կայացվի, ինքն անձամբ պատրաստ է այն վիճարկել. «Վարչական դատավարության կարգով կսպառեն ներպետական միջոցները եւ կդիմեն ՄԻԵԴ, ես անձամբ դա կանեմ, որովհետեւ ավելի, քան վստահ եմ, որ բոլոր հիմքերը ունեմ՝ մինչեւ վերջ գնալու եւ հաղթելու համար, կարծում եմ՝ Հրանտ Նազարյանը եւ Ֆելիքս Թոխյանը նույնպես չեն լռի, բայց դա զուտ իմ կարծիքն է»: Հարցին՝ մտավախություն չունի՞, որ դատարանները շրջափակելով՝ կփորձեն իրեն ընկճել, Ալինվա Գյուլումյանը պատասխանեց. «Ո՛չ, ինչու շրջափակելով՝ որեւէ մեկին ընկճե՞լ են, այն դատավորները, որոնց կարողացել են ընկճել, ընկճվել են ցանկացած իշխանությունների օրոք: Ես հարմարվողների մասին չեմ խոսում, ես ինքս հարմարվող չեմ»:

Հարցին՝ ԱԺ-ի՝ նման օրենքի ընդունումը իրավակա՞ն թե՞ քաղաքական գործընթաց էր, ՍԴ դատավորը պատասխանեց. «ԱԺ-ն քաղաքական մարմին է, եւ նույնիսկ օրենքների ընդունումը կարող է լինել քաղաքականության արդյունք. ես դրանում արգահատելի ոչինչ չեմ տեսնում»:

Շարունակությունը՝ տեսանյութում