Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը

Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը դատի է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Նա պահանջում է իրեն խիստ նկատողություն հայտարարելու վերաբերյալ 23.06.2020թ. թիվ 01/16/15813-20 հրամանն անվավեր ճանաչել։

Հայցը ներկայացվել է հուլիսի 6-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին։

Կոստանյանի ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ խիստ նկատողությունը կապված է մայիսի 25-ին ավարտական վկայականների հանձնման ժամանակ աշակերտների կողմից կազմակերպված փոքրիկ միջոցառման հետ, որի տեսանյութը տարածվել էր սոցցանցերում։

ԿԳՄՍՆ-ից էլ մեզ հայտնեցին, որ դեռեւս հայցի վերաբերյալ ծանուցում չեն ստացել եւ եթե ստանան սահմանված կարգով ընթացք կտան գործին եւ դատարանում կներկայացնեն իրենց շահերը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում արտակարգ դրությամբ սահմանված պահանջների խախտման մասին հրապարակակումների շարքում կային նաեւ աշակերտների ու ուսուցիչների լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ երեւում է, որ նրանք, հանդիպելով դպրոցն ավարտելու կապակցությամբ, չեն պահպանում սոցիալական հեռավորություն, չեն կրում դիմակներ:

«Մայիսի 25-ին այսպես վերջին զանգ են նշել Երեւանի 114 դպրոցի շրջանավարտները։ Պարող կինը, պարզվում է, դպրոցի տնօրենն է»,- վերնագրել էր վարչապետը: Հրապարակումից հետո էլ տնօրենը խիստ նկատողություն էր ստացել: