«Ցավով եմ սա ասում, որովհետև ես իմ տեսակով գնող եմ, ոչ թե վաճառող». Սարգիս Գրիգորյան

«Ես արդեն 5.5-6 ամիս է` չեմ աշխատել, որքան էլ վաստակել էի, այդ ամենն անսպառ չէ, արդեն մտածում եմ գույքերիցս որոշները վաճառել, սակայն գնորդ չկա: Ցավով եմ սա ասում, որովհետև ես իմ տեսակով գնող եմ, ոչ թե վաճառող»,-այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց դերասան Սարգիս Գրիգորյանը, ով տևական ժամանակ առաջ Կառավարության դիմաց բարձրաձայնել էր ստեղծված իրավիճի պատճառով առաջացած խնդիրների մասին, սակայն բերման էր ենթարկվել:

Երեկ՝ հուլիսի 9-ին, Կառավարության դիմաց ռեստորանային ոլորտի շատ աշխատակիցներ իրենց բողոքն էին արտահայտում՝ ասելով, որ արտակարգ դրության երկարաձգման պատճառով իրենք զրկված են օրվա հացը վաստակելու հնարավորությունից: Սարգիս Գրիգորյանը չէր մասնակցել երեկվա ցույցին, քանի որ ըստ նրա՝ որևէ լուծում չի տրվում.

«Չեմ մասնակցել, որովհետև ես չեմ ընդունում, երբ ինձ չեն հարգում և իմ խոսքը չեն լսում: Իմա՞ստը գնալու այն դեպքում, որ բերման են ենթարկվում, դրանից հետո էլ ֆեյքերը մեզ դավաճան և թուրք են անվանում: Սա, իհարկե, չի նշանակում, որ ես չեմ շարունակելու պայքարս: Ես պայքարի այն ձևն եմ հիմա ընտրել, որ իշխանության կողմից հիմա ամենաընդունելին է՝ իմ Instagram-ի էջում եմ խնդիրները բարձրացնում: Ընդ որում՝ հարկ եմ համարում նշել, որ այնպես չէ, որ ես այս ամենն ասում եմ միայն իմ անունից: Ես տեսակով միայնակ հաց կիսող չեմ, իսկ երբ շահարկում են, որ ժամանակին մեծ գումարներ եմ աշխատել, դա էլ միայնակ չեմ վայելել: Միայն գիտեմ, որ եթե այսպես շարունակվի, սահմանները բացվելուն պես Հայաստանի մեծ մասը դատարկվելու է, ես ինքս էլ կմեկնեմ ՌԴ կամ Միացյալ Նահանգներ, եթե օգոստոսի 15-ից հետո արտակարգ դրությունը կրկին երկարաձգվի, որովհետև դա կնշանակի, որ ես կրկին գումար չեմ աշխատի: Մենք բոլորս իշխանությանը հարց ունենք, եթե փակում եք ամեն ինչ, մենք ինչպե՞ս ենք ապրելու»:

Դիտարկմանը, որ եթե արտակարգ դրությունը երկարաձգվի, և սահմանները կրկին փակ լինեն, այդ դեպքում ինչպե՞ս է պատրաստվում լքել երկիրը, Սարգիսն ասաց.

«Ուղղակի կհատենք սահմանները, կաղաչենք, որ մեզ օգնեն: Կրկնում եմ՝ ես միայն իմ և իմ ընտանիքի մասին չեմ խոսում: Ամեն օր արթնանում եմ, մտածում, որ երազ է, ու այս ամենը շուտով կավարտվի: Մարդիկ իսկապես ունեն օրվա հացը վաստակելու խնդիր, իսկ այս ընթացքում այդ խնդրին լուծում ստանալու փոխարեն՝ ՍԴ-ի հարցն են լուծում, գույքահարկ բարձրացնում»:

Դերասանը մեզ հետ զրույցում ասաց, որ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը չի փորձել իր հարցին լուծում տալ կամ խոսել իր հետ: Ըստ Սարգիսի՝ միայն ընդդիմադիր ուժերն են փորձել օգնել, մասնավորապես՝ «ԼՀԿ»-ն: