Գայանե Ղազարյան. «Հրապարակ-ն էս նյութից հետո հանգիստ կարելի էր փակել, դատել ու բանտարկել

Լիզա Ճաղարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Գայանե Ղազարյան. «Հրապարակ-ն էս նյութից հետո հանգիստ կարելի էր փակել, դատել ու բանտարկել։ Բայց սրանով թող պատկան մարմինները զբաղվեն, որոնք վաղուց արդեն ուշացել են իրենց լրիվ կորցրած ագենտուրային համապատասխան վայրում հարցաքննելու ու պատվերի գինը պարզելու հարցում։

Ես գամ միայն նրան, թե ինչպես է աշխատում սադրանքը։

«Քիչ առաջ պաշտոնապես հաստատվեց, որ սահմանին 2 զոհ ունենք, մինչդեռ դրա մասին մենք ավելի վաղ էինք գրել»
Հաստատված տեղեկության հաշվին վստահություն հավաքելուց հետո ասվում է հետևյալը։
«Մենք նոր ինֆորմացիա ստացանք, որ քիչ առաջ հակառակորդը վնասել է Տավուշի զորամասերից մեկի ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտ»։

Հասարակ ընթերցողն իրեն երբեք հարց չի տալիս, թե ինչ իրավունքով էիր զոհերի մասին տեղեկությունը դուրս թողնում պաշտոնականից շուտ, որովհետև դա կարող էր սուտ դուրս գալ՝ տարածելով անհարկի խուճապ։
Հասարակ ընթերցողին հետաքրքիր է արագ տեղեկացված լինելը, որով իրեն զգում է ոչ միայն մյուսներից, այլև ՊՆ-ից ու այլ պատկան մարմիններից առավել։

«Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք պաշտպանության նախարարի մամուլի խոսնակին, վերջինս մեզ փոխանցեց՝ ինֆորմացիան չի մեկնաբանում»։

Այս «խորիմաստ» նախադասությամբ ստեղծվում է «հավաստի» լուրը քողարկելու կասկածի մշուշ, որով հասարակ ընթերցողի մեջ ամրապնդվում է ոչ միայն չհաստատված տեղեկությունը, այլև պաշտոնականի հանդեպ անվստահությունն ու պոտենցիալ դավաճանության կասկածի որդը։
Որից հետո մեխվում է վերջին՝ ամենակարևոր մեխը՝
«Հ.Գ. Հետաքրքիր է, որ պաշտոնական Երեւանը փոխարենը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրի Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ, ինֆորմացիա է թաքցնում եւ փորձում լռեցնել զանգվածային լրատվամիջոցներին»։

Թե որ ԶԼՄ-ն է մինչև հիմա լռեցվել, պարզ չէ, որովհետև բոլորն անխափան ծաղկում են ռազմական գործողություններին զուգահեռ ու հանգիստ տանում 5-րդ շարասյան դերը, բայց վերջին նախադասությամբ սահուն հնարով ԱՐԴԵՆ ԻՍԿ ՀԱՍՏԱՏՎԱԾ է համարվում և՛ օբյեկտի խոցման վարկածը (որն ընդամենը վարկած էր), և՛ պետական «դավաճանական» քաղաքականությունը, որը հասարակ ընթերցողի մոտ դիվանագիտության ոլորտից, իհարկե, հոդվածում ակնարկված «կոծկմամբ» և իներցիայով տեղափոխվում է նաև ռազմական ոլորտ։