Ես չեմ ուզում ոչինչ կանխատեսել, ես ուզում եմ, որ մեր զինվորներն ու սպաները, ողջ ու առողջ վերադառնան տուն. Հրանտ Թոխատյան

Առաջին հերթին ցանկանում եմ, որ մեր զինվորները առողջ լինեն, խաղաղություն լինի, իսկ եթե թշնամին չի հասկանում դա, ուրեմն իրենց բազկին ուժ, մինչեւ որ կհասկանան: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը՝ անդրադառնալով սահմանային լարված վիճակին ու անկայությանը:

Հարցին՝ որքանով է հնարավոր գործողությունների լայնածավալ ընթացք ստանալը, Հրանտ Թոխատյանն ընդգծում է.

«Ես չեմ ուզում ոչինչ կանխատեսել, ես ուզում եմ, որ մեր զինվորներն ու սպաները, ովքեր կանգնած են այսօր սահմանին եւ ծառայում են հայրենիքին, ողջ ու առողջ վերադառնան տուն»:

Հիշեցնենք, որ 2020թ. հուլիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի մարզի
տարբեր բնակավայրերի և հայկական մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ տանկից, 6 հարվածային անօդաչու թռչող սարքից, 82մմ և 120մմ ականանետերից, Դ30 հրանոթից և այլ հրետանային տեխնիկայից արձակել են շուրջ 150 կրակոց:

Արձակված կրակոցների և դրանց հետևանքով պատճառված վնասների փաստերով ՀՀ քննչական կոմիտեում
ՀՀ քրեական օրենսգրքի 34- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-
ին և 4-րդ կետերով՝ ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով,
ապօրինաբար, դիտավորությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու հատկանիշներով հարուցվել և քննվում է 30 քրեական գործ:

Նախնական տվյալներով՝ հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների,
կրակոցների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել 36 զինծառայող, սպանվել՝ 4 զինծառայող, վնասվել՝ 6 ավտոմեքենա:

Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի վրա արձակված կրակոցների հետևանքով վնասվել է 24 տուն, 1 կոնյակի և 1 գինու գործարան, 1 մանկապարտեզ, գերեզմանատուն, 4 ավտոմեքենա, 1 ջրագիծ, 1 գազատար, 1 ջերմոց, ոստիկանական 1 պահակակետ, որտեղ գտնվող 2 ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ: Բացի այդ, մարմնական վնասվածք է ստացել 1 քաղաքացիական անձ:

Քրեական գործերով ողջ ծավալով կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները: