Ինչ ասեմ. ապշած եմ նրանից, ինչ երբեմն կարդում եմ… Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ապշած եմ, որ բազում տարիներ քաղաքականության մեջ եղած գործիչը կամ ուժը խուճապահար գրառում է անում կամ հայտարարում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասին, մտահոգվում Նախիջևանում թուրքական «ռազմաբազա» դնելու հեռանկարով…

Լրիվ հայտնի անեկդոտն է, երբ Ցեղասպանության մասին առաջին անգամ լսած ուղևորը տաքսու վարորդից պահանջում է քշել դեպի Թուրքիայի սահման… Հիմա չգիտեմ, նման մարդիկ ուզում են արշավեն ադրբեջանաթուրքական բանակի դեմ ու այն ջախջախեն մինչև զորավարժությունների մեկնարկը, թե ուղղակի չիմացության ու վախի հետևանք է? Եթե իրենք վախենում են, ապա հարց է’ իսկ ժողովրդին ինչու են վախեցնում? Եթե չեն վախենում, այդ դեպքում ում և ինչ են ասում?։

Այդ զորավարժություններից լինում է գրեթե ամեն տարի, այդ թվում’ Նախիջևանում։ Ադրբեջանը շատ ավելի մասշտաբային զորավարժություններ էլ է ունեցել տարիներ առաջ, որից պետք է վախենային ու մտահոգվեին, այդ թվում 2014—ին, 2016-ին’ ապրիլյան պատերազմից առաջ, իրար հերթ չտվող, բոլոր տեսակի զորքերին ներառող, 12.000-ից մինչև 50.000 անձնակազմով… Այն ժամանակ չէին վախենում, չէին հետևում, ու ապրիլյան պատերազմից հետո հայտարարեցին, թե թշնամու հարձակումն «անակնկալ էր»… Անգամ պատերազմի ռիսկերի «գիտակ» Քոչարյանը հարցազրույց չի տվել, թե պատերազմի շեմին ենք…

Հիմա երբ անատոլիական թուրքը այլ միջոց չունի կովկասյան թուրքին Տավուշյան մարտերից հետո մխիթարելու, քան հայտարարություններ անելը կամ զորավարժություններով մկաններ ցույց տալը, որ չոջուխ կարդաշը մենակ չէ, այստեղ ահաբեկվել են…

Տեղյակ չեն, որ 2016-ին Էրդողանն ու Ալիևը փակ դռների հետևում երկար քննարկել են ռազմաբազա դնելու հարցը, ու որ դա այդպես միանշանակ ու դյուրին հարց լիներ, հիմա թղթով օրինականացված կլինեին Նախիջևանում թուրքական վաղեմի ռազմական ներկայությունը…

Չեմ ասում, թե դա տեսականորեն կամ գործնականում անհնար է… Ուղղակի ակնհայտ է, որ երկրիս քաղաքական վերնախավը, հիմնականում հները, տեղյակ էլ չեն եղել ոչինչից, ու այսօր հանկարծ նկատել են որ զորավարժություն կա… Ու կարևոր չի, որ Հայաստանը ոչ Լիբիան է, որի ղեկավարը Էրդողանին հրավիրի, ոչ Սիրիան է, որտեղ Թուրքիան միջազգային կոալիցիայի անվան տակ Ռուսաստանի և ԱՄՆ-ի արանքում մանյովրի, ոչ Իրաքն է, որտեղ Քիրքուքում ռազմական ներկայություն ունենան այդ երկրի հրավերով /իհարկե, հետո քանիցս ցանկացան, որ լքեն, բայց չստացվեց: Ու եթե իրավիճակը նշված երկրներին նման լիներ, Ալիևն արդեն Էրդողանին հրավիրած կլիներ իր տարածք, ոչ թե մկաններ ցուցադրելու… Դեհ, նրանցից ոչ մեկ այդքան հիմար էլ չէ Հայաստանի դեմ կռվելու փոխարեն դուրս գա Ռուսաստանի դեմ’ նրա «կովկասյան տայգայում»…

Ինչ ասեմ. ապշած եմ նրանից, ինչ երբեմն կարդում եմ…